Միացյալ Թագավորության զինված ուժերի առջև նոր կարևոր խնդիր է ծառացած՝ դիմակայել «անտեսանելի թշնամուն», որը գործում է Ինտերնետի տեղեկատվական ցանցերի, ահաբեկչական կառույցների և կազմակերպված հանցավորության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է այն հոդվածում, որը հուլիսի 14-ին հրապարակվել է Լոնդոնի The Daily Telegraph թերթում:

 

«Նոր պայմաններում արդեն հնարավոր չէ երկրի սահմանները պաշտպանել միայն առափնյա ժայռերից»,-նշել է նա:

 

Քեմերոնը հայտարարել է, որ կառավարությունը պաշտպանական նպատակներով հատկացնում է 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,9 մլրդ ԱՄՆ-ի դոլար) չափով նոր բյուջետային փաթեթ: Այդ միջոցներն առաջին հերթին կտրամադրվեն հետախուզությանը, այդ թվում՝ էլեկտրոնային, ճշգրիտ զենքին և տեղեկատվական տեխնոլոգիաներին:

 

«Զինված ուժերը պետք է համապատասխանեն 21-րդ դարի հակամարտություններին, այլ ոչ թե անցած դարի,-ընդգծել է վարչապետը:-Վերջին 30 տարվա ընթացքում սպառնալիքների բնույթը սառը պատերազմի ժամանակների լիակատար պարզությունից փոխվել է մինչև ներկայիս սպառնալիքներ, որոնք բխում են գլոբալ ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, միջուկային տարածման, կիբեռնետիկական գրոհների, էներգետիկական անվտանգության կողմից»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱԱՍ-ը: