Չնայած այն բանին, որ մինիչ օրս գոյություն ունեն շատ մարդիկ, որոնք կորոնավիրուսի խնդիրը համարում են չափազանցված, համաճարակը շարունակում է տարածվել ողջ աշխարհում՝ հայտնվելով նոր երկրներում:
Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը պետք է անցկացվի հունիսի 12-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում 11 եվրոպական երկրներում: Ներկայումս կորոնավիրուսը տարածված է մի շարք երկրներում, որոնք ընդունելու են առաջնությունը, սակայն ամենավատ վիճակը Իտալիայում է, որը եվրոպական երկրներից ամենամեծ թվով վարակվածներ ունեցող պետությունն է:
Հենց Իտալիայում՝ Հռոմի խաղադաշտում պետք է կայանա առաջնության առաջին խաղը Իտալիայի ու Թուրքիայի միջև: Սակայն Իտալիայում համաճարակի տարածումը վտանգում է բոլոր պլանները:
Նախևառաջ՝ նման մակարդակի ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի թիվը կազմում է միջինում 50-100 հազար մարդ՝ կախված խաղադաշտից: Խաղադաշտերն ընդհանուր առմամբ ունեն նեղ տարածություն, հետևաբար այնտեղ գտնվող մարդկանց խտությունը մեծ է լինում: Դա ենթադրում է մարդկանց ֆիզիկական ու օդային մեծ շփում՝ հաշվի առնելով, որ բոլորը բղավում են և երկրպագում իրենց սիրելի թիմերին: Այդ իսկ պատճառով անգամ մեկ վարակված մարդը մեծ վտանգ է ներկայացնում մյուս բոլորի համար:
Երկրորդ՝ բոլոր ֆուտբոլիստներն այժմ մեծ ֆինանսական պայմանագրի կողմեր են հանդիսանում, այդ իսկ պատճառով համաճարակի վտանգի պատճառով հովանավորներն ու ակումբները կարող են արգելել նրանց մասնակցել առաջնությանը:
Մնում է սպասել և տեսնել, թե ինչ կլինի հետագայում: Հարկ է հիշել, որ ամենակարևորը ֆուտբոլիստների ու հանդիսատեսի առողջությունն ու անվտանգությունն է, հետևաբար հարցին մեծ կարևորություն է պետք տալ: