PayPal խոշորագույն վճարային համակարգի և Google Pay էլեկտրոնային վճարային համակարգի օգտատերերը բողոքել են, որ իրենց հաշիվներից սկսել են գումարներ անհետանալ: Xakep.ru-ի փոխանցմամբ, բաց աղբյուրներին հղումով, չարագործները տասնյակ հազարավոր եվրո են կողոպտել օգտատերերից:

Խարդախներն օգտագործում են Google Pay-ը՝ ապրանքներ գնելու համար և վճարում են PayPal-օգտահաշվի միջոցով: Շատ դեպքերում, նրանք կատարում են թեստային վճար, որի գումարը կազմում է ոչ ավելի, քան չորս եվրո: Դրանից հետո խարդախներն ավելի թանկարժեք գնումներ են կատարում: Ընդ որում, գործարքները սովորաբար անցնում են ամերիկյան խանութներով, մինչդեռ տուժածների մեծ մասը Գերմանիայից են:

Գերմանիայի տեղեկատվական անվտանգության փորձագետ Մարկուս Ֆենսկեն Twitter-ում ենթադրել է, որ խարդախները կողոպուտի համար օգտվել են խոցելիությունից, ինչի մասին PayPal-ին նախազգուշացրել էին դեռ մեկ տարի առաջ: Ըստ նրա, չարագործները կարող էին օգտվել վիրտուալ քարտերից, որոնք ստեղծում է PayPal-ը՝ օգտահաշիվը Google Pay-ին կցելու ժամանակ:

Վճարային ծառայության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել խարդախության մասին տեղեկատվությունը, բայց հայտարարել են, որ տեղի ունեցածի հետ կապված հետաքննություն են սկսել: