Փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում․ ժամը 00:40-ի սահմաններում Toyota մակնիշի 01PV001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չսահմանված հատվածով անցնող 2 հետիոտնի։ Նրանցից մեկին մահացած հայտնաբերել էին ավտոմեքենայի տանիքին, մյուսին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց, սակայն ինչպես մեզ հայտնեցին «Էրեբունի ԲԿ»-ից, դեպքի հաջորդ օրը 67-ամյա Հայկ Էլիզբարյանը ևս մահացել է։
ԼՈՒՐԵՐ․com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ինչպես դեպքի, այնպես էլ վրաերթ կատարած վարորդի անձի վերաբերյալ։ Պարզվում է՝ վերջինս Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Համլետ Նաիրիի Մարգարյանն է, որը բարձր պաշտոն է զբաղեցնում է «Զվարթնոց»-ի արևմտյան մաքսատան վերահսկողության բաժնում։ Նրա հայրը՝ Նաիրի Մարգարյանն էլ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։
Ըստ տեղեկությունների՝ սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ վրաերթ կատարելու պահին Համլետ Մարգարյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ամեն կերպ փորձում է միջամտել քրեական գործին, արդյունքում՝ քրեական գործով Համլետ Մարգարյանը սթափ է եղել, չնայած գործի հետ առնչված մարդիկ պնդում են, որ սթափությունը որոշող փորձաքննության արդյունքը փոխվել է:
Թե ի՞նչ փուլում է գործը, փորձեցինք պարզել Քննչական կոմիտեից, սակայն այստեղից փոխանցեցին, որ այն տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ մամուլի խոսնակը, հաստատելով, որ գործը ՀՔԾ-ում է, բայց և նախաքննական գաղտնիքից ելնելով՝ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել։
Նկատենք, որ ոչ սթափ վիճակում վրաերթ կատարելու հետևաքնով 2 անձի կյանք խլելու դեպքում պատիժը խստացվում է։
Ի դեպ, Մարգարյաններն օրինազանցություններով աչքի են ընկել, դեռևս, տարիներ առաջ։ 2012թ․ Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական ակտ էր կազմվել Համլետ Մարգարյանի հոր՝ այն ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազության դատախազի պաշտոնը զբաղեցնող Նաիրի Մարգարյանի նկատմամբ և վերջինիս վարած «Լեքսուս» մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմքենայի վրա փակցվել էր ԱՊՊԱ–ի և տեխզննման կտրոնները։ Ավելին, այն ժամանակ էլ տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Նաիրի Մարգարյանը ավտոմեքենան վարում առանց ամրագոտու։ Նկատենք, որ թեև ավտոմեքենայի մակնիշները փոխվել են, սակայն համարանիշները Մարգարյանները շարունակում են օգտագործել։
Ստորև փետրվարի 16-ին տեղի ունեցած վրաերթի տեսանյութերն են․