Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ՝ Սորոսի հայաստանյան հիմնադրամից այս տարվա ընթացքում ստացել են հազարավոր դոլարների հասնող դրամաշնորհներ: Ընդ որում, անչափ հետաքրքիր են այն ծրագրերը, որոնց վրա ծախսվելու են այդ գումարները: Ծրագրերը բավականին ակտուալ են՝ բռնության դեմ պայքար և խաղաղության նախապատրաստման գործընթաց: Այս ամենը անչափ ուշագրավ է հատկապես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը ընդառաջ և Ղարաբաղյան հակամարտության կարգավորան ներկա փուլի և այդ փուլում առկա միտումների համատեքստում:
Այսպես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 19,000 ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի նպատակն է պաշտպանել բանտարկյալների իրավունքները՝ բանտեր մոնիտորինգային այցեր կատարելու, բանտային բարեփոխումների իրականացումը վերահսկելու և քաղաքականության փոփոխություններ առաջարկելու միջոցով: Նախագիծը նաև օգնում է բարձրացնել հանրային իրազեկությունը բանտերում մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ն ստացել է 187,500 ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի խթանել խոցելի խմբերի համար մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բարելավելով քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները` խախտումները կանխելու և խախտումներից տուժածներին իրավաբանական օգնություն տրամադրելու միջոցով: Ծրագիրն օգնում է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության հաստատման հարցերի վերաբերյալ: