Այս օրերին բավականին թեժ քաղաքականություն է վարվում մեր երկրի հանրակրթության ոլորտում: ԿԳՄՍ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում Երևանի խոշոր դպրոցների խորհուրդների կազմին, հատկապես այն դպրոցների, որտեղ առաջիկայում սպասվում են տնօրենի ընտրություններ: Խնդիր է դրված փոխել տնօրեններին՝ այդպիսով ազատվել «հներից»:
Համացանցում մեզ հանդիպած տեղեկության համաձայն, ԿԳՄՍ-ն միջազգային դոնորներից սնվող Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներից 15 ներկայացուցիչ է գործուղել դպրոցներ, որոնք նպատակ ունեն դպրոցում քարոզել, պատկերավոր ասած, «նոր ուսմունք» և փորձել ամեն կերպ բացահայտումներ անել տնօրենների գործունեությունից՝ այդպիսով նոր մոտեցումները մտցնել դպրոցներ: Դպրոցներում փոփոխությունները նախկինում դրված է եղել, արդեն հրաժարական տված փոխնախարար Լուսինե Առաքելյանի վրա, ապա նրա հրաժարականից հետո Արևիկ Անափիոսյանն է ստանձնել այդ դերակատարումը:
Ի դեպ՝ ինչպես վերը նշված նախաձեռնության, այնպես էլ նմանատիպ այլ խմբերի և անհատների աշխատանքը կոորդինացրել է Արևիկ Անափիոսյանը՝ «Բաց հասարակության հիմնադրամ»-ի աջակցությամբ:
Նշենք, որ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը հիմնվել է 2017թ․ ապրիլի 15-ին։ Նպատակը՝ կրթության իրավունքի լիարժեք ապահովումն է և իրացումը՝ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սեռից, սոցիալական կարգավիճակից, բնակավայրից, հաշմանդամությունից և այլ առանձնահատկություններից։
Հետաքրքական է, հատկապես այն, որ այս նախաձեռնության անդամները այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի՝ ԲՀՀ հետ: Այս պնդմանը լրացուցիչ փաստարկ է՝ կազմակերպության անունից հրապարակված գրքում նշված կազմակերպությունների անունները, որոնց հետ համագործակցում են։
Ինչպես պարզ է դառնում ԲՀՀ կայքից, ՔԿՆ անդամներից երկուսը՝ Լիլիթ Նազարյանը և Անի Կոջոյանը, հանդիսանում են Հայաստանում Սորոսի գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատուներ:
Լուսինե Խառատյանը նույնպես գիտական հետազոտություններ է իրականացրել՝ ԲՀՀ ֆինանսավորմամբ, Քաղաքականության Կրթաթոշակներ Ծրագիր 2018-ի շրջանակում:
ՔԿՆ մեկ այլ անդամ՝ Սերոբ Խաչատրյանը, հանդիսանում է «Բուն թիվի»-ի կրթության փորձագետ, իսկ «Բուն»-ը միայն 2019-ին Սորոսի հիմնադրամից ստացել է 25.000 դոլար, նպատակն էլ՝ տոլերանտ հանրային դիսկուրսի ձևավորումն է:
ՔԿՆ անդամ Միշա Թադևոսյանը նույնպես Սորոսի հիմնադրամի կրթաթոշակառուներից է՝ վերջինիս կատարած հետազոտության մեջ նշվում է, որ հետազոտությունը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում:
Թե ինչպե՞ս են ընտրվել Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները և հայտնվել դպրոցների խորհուրդներում, փորձեցինք պարզել նախարարությունից։ Հետաքրքրվել էինք՝ արդյոք ԿԳՄՍ-ն ստուգել է այդ նախաձեռնության ֆինանսավորման աղբյուրները, արդյոք նախաձեռնության անդամները հրապարակային ելույթներում արտահայտում են ԿԳՄՍ-ի պաշտոնական կարծիքը, թե՞ իրենց անձնական կարծիքը, խնդրեցինք մեզ տրամադրել ԿԳՄՍ-ի և նախաձեռնության կամ նախաձեռնության անդամների միջև համագործակցությունը հավաստող փաստաթուղթ, կամ նշել համագործակցության սկզբունքը, խնդրել էինք նշել նաև նախաձեռնության այն անդամների անունները, որոնք ընդգրկված են 15 դպրոցի խորհուրդներում, ինչպես նաև նշել տվյալ 15 դպրոցների անունները, որոնց խորհուրդներում ներգրավված են նրանք։
Ի պատասխան՝ նախարարությունից ստացանք կցկտուր և ոչ մի հստակ պատասխան, չտրամադրվեց ոչ փաստաթուղթը, ոչ էլ ցանկը՝ դպրոցներում ներգրավված այդ 15 անձանց:
Չբավարարվելով նախարարության պատասխանից՝ կապ հաստատեցինք նաև ԿԳՄՍ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ։ Վերջինս նշեց, որ ԿԳՄՍ ներկայացուցիչները իրենց գործունեությունը չեն համաձայնեցնում նախարարության հետ և ցանցում իրենց կողմից հրապարակված տեսակետները զուտ իրենց անձնական կարծիքն են, սակայն մեզ մտահոգեց այն փաստը, որ հնարավո՞ր է չհամաձայնեցնելու դեպքում, օրինակ, ԿԳՄՍ ներկայացուցիչը սկսի ԼԳՏՊ քարոզ իրականացնել դպրոցում: Պատասխանը բավականին մտահոգիչ էր․ Արշակյանը նշեց, որ դպրոցն ունի խորհուրդ, խորհրդի նախագահ և, եթե որևէ խորհրդի անդամ չի գործի իր լիազորությունների շրջանակում, խորհրդից կլինի առաջարկություն նրան փոխելու կամ համապատասխան միջոցներ ձեռնակելու, այսպիսով՝ նվազեցրեց ԿԳՄՍ-ի անելիքները՝ ողջ պատասխանատվությունը թողնելով դպրոցների խորհուրդների վրա:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Արևիկ Անափիոսյանը ցանկացել է փոփոխությունները բավականին արագ իրականացնել, ինչն էլ դարձել է մեծ կոնֆլիկտի առարկա, քանի որ այս ընթացքում սկանդալներ պետք չեն եղել իշխանություններին՝ ստիպված ձերբազատվել են Լուսինե Առաքելյանից և Արևիկ Անափիոսյանից: