Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը չեն քննարկում խաղերի հետաձգման տարբերակը: Աս մասին գրում է Bloomberg-ը։

Կազմկոմիտեն անհավանական է համարում խաղերի չեղարկումը, շեշտելով, որ նման տարբերակ Ճապոնիայի կառավարությունը չի քննարկում: Խաղերի հնարավոր հետաձգման և չեղարկման լուրերի համար հիմք է հանդիսացել աշխարհում մեծ տարածում ստացող նոր կորոնավիրուսը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրներից կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 12-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: