Քուվեյթի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ թղթադրամները փակ տուփերով կարանտինի մեջ կպահի առնվազն չորս շաբաթ՝ երաշխավորելու համար դրանցով նոր կորոնավիրուսի փոխանցման անհնարինությունը: Այդ մասին ասված է Կենտրոնական բանկի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Քուվեյթի Կենտրոնական բանկը հավաստել է, որ իր մոտ առկա թղթադրամները շրջանառության մեջ չեն դրվի այնքան ժամանակ, քանի դեռ մեկուսացված եւ ամուր փակված տուփերում չեն մնա առնվազն չորս շաբաթ՝ երաշխավորելու համար դրանց վրա կորոնավիրուսի բացակայությունը դրանք կրկնական շրջանառության մեջ դնելիս»,- նշված է հաղորդագրության մեջ: Բացի դրանից, Քուվեյթի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մշտապես մանրէազերծում է պահոցը, փողերի հաշվման, տեսակավորման եւ ընդունման սարքերը, որպեսզի երաշխավորի ինչպես բանկի աշխատողների, այնպես էլ բնակչության անվտանգությունը: Ավելի վաղ Քուվեյթի իշխանություններն արգելել են բոլոր հասարակական միջոցառումների անցկացումը, մարդկանց արգելված է այցելել ռեստորաններ, սրճարաններ եւ խանութներ: Քուվեյթում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: