Հայաստանի կառավարությունն իր գործունեությունն սկսել էր ՊՈԱԿ-ների կրճատումից՝ պայմանավորելով այդ գործընթացը խնայողություններ անելու անհրաժեշտությամբ: Սակայն, հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ները շարունակում են հարյուրավոր միլիոնների ֆինանսավորում ստանալ պետական բյուջեից և դրա հետ մեկտեղ՝ շարունակում են գործել խախտումներով: Օրինակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2020-ին 1,335,485,900 ՀՀ դրամ է ստացել
անտառպահպանական ծառայությունների դիմաց: «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է 319,261,800 ՀՀ դրամ՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների համար:
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը պետական բյուջեից ստացել է 8,288,400 ՀՀ դրամ՝ մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայությունների համար: «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 1,105,137,000 ՀՀ դրամ, «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 449,905,300 ՀՀ դրամ՝ դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայությունների դիմաց, «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ը ստացել է 44,615,600 ՀՀ դրամ՝ գիտաբժշկական գրադարանային ծառայություններ մատուցելու դիմաց, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 2,021,258,000 ՀՀ դրամ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ մատուցելու համար:
«Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը բյուջեից ստացել է 74,371,700 ՀՀ դրամ՝ մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման՝ մաքսազերծման և բաշխման ծառայությունների դիմաց: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 706,276,800 ՀՀ դրամ, «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ինը՝ 69,660,800 ՀՀ դրամ, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին բաժին է հասել 310,321,800 ՀՀ դրամ, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվ. դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ 56,951,200 , «Լոռու մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է ՝131,719,000 ՀՀ դրամ:
Իսկ ի՞նչ խախտումներ է վերհանել Հաշվեքննիչ պալատը: Պարզվել է, որ օրինակ՝ Սյունիքի մարզպետարանում և նրա ենթակայության ՊՈԱԿ-ներում հաշվապահական հաշվառումը չի իրականացվում ավտոմատացված համակարգերով և հաշվապահական ստանդարտներով: Մարզպետարանի և նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 2017-2018 թթ.-ին 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում և ստացել են աշխատավարձ՝ 5.690.400 ՀՀ դրամ: Մարզպետարանի աշխատակազմում ավտոմեքենաների վառելիքի ծախսի նորմատիվներն անհամապատասխան են՝ 997.924,0 դրամով, չեն սահմանված նոր մոդելի մեքենաների ծախսի ժամանակավոր նորմաները: Երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետվությունների կառուցվածքը հակասում է բյուջեների կատարման իրավական ակտերի պահանջներին:
Սրանք լուրջ խախտումներ չեն, իհարկե, սակայն վերհանած այս խնդիրների միջոցով կարելի է հասկանալ, որ չնայած հարյուրավոր միլիոնների հասնող պետական ֆինանսավորմանը, չնայած հանգամանքին, որ ՊՈԱԿ-ի մեծ մասը լուծարվեց՝ այնուամենայնիվ, խախտումներն առկա են: