«Մեզ ու մյուս աշխատակիցներին ջերմաչափում են, ուղևորներին` ոչ»,- ասում է Հարավկովկասյան երկաթուղու ներհանրապետական էլեկտրագնացքում տոմսերի ստուգում իրականացնող աշխատակիցը:
Մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը` չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Իսկ ներհանրապետական էլեկտրագնացքը շարունակում է ամեն օր Երևանից Գյումրի և հակառակ ուղղությամբ 3 անգամ ուղևորափոխադրում իրականացնել:
«Օրեցօր ուղևորների թիվը նվազում է, սովորաբար 100-ից ավելի ուղևորներ ենք ունենում, այս օրերին` մաքսիմում 40: Հիմնականում այն մարդիկ են, ովքեր գյուղից գյուղ կամ քաղաք աշխատանքի են գնում»:
Երևանից-Գյումրի ճանապարհին` կանգառներում, իսկապես, մարդիկ սակավաթիվ էին, այնուամենայնիվ, գնացքի մի խցիկը բազմամարդ էր: Նրանց մեծ մասը չէին կրում դիմակներ կամ ձեռնոցներ: Մեքենավարից և մյուս աշխատակիցներից փորձեցինք ճշտել` էլեկտրագնացքը ախտահանվում է, թե` ոչ, նրանք վստահեցրին, որ երկու անգամ քլորով մաքրում ու ախտահանում են, իրենց էլ տրամադրում և պարտադրում են կրել դիմակներ, ձեռնոցներ, ախտահանել ձեռքերը: Թե, ինչու չեն ջերմաչափում ուղևորներին, ովքեր 15-20 հոգով 2-3 ժամ գտնվում են միևնույն փակ տարածքում, փորձեցինք պարզել ՀԿԵ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանից:
«Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Դա վերաբերում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմին` տոմսավաճառներին, հսկիչներին, կայարանների հերթապահներին, լոկոմոտիվային բրիգադներին և մյուսներին անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ, մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց` դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության»:
Ուղևորներին չջերմաչափելուն անդրադառնալով` խոսնակն ասաց, որ երկրի ներքին տեղաշարժը արգելված չէ, դրա համար իրենք միջոցներ չեն ձեռնարկել:
«Կառավարության կողմից որևէ ցուցում չի եղել ուղևորներին ջերմաչափելու, այդ պատճառով էլ չենք ձեռնարկել միջոցառումներ»: