Microsoft-ի հիմնադիրներից մեկի՝ Բիլ Գեյթսի խոսքերով՝ կորոնավիրուսի համաճարակը «մղձավանջի սցենարի է նման», սակայն այս հիվանդության զոհերի թիվը այնքան էլ մեծ չի լինի, ինչքան կանխատեսում են շատերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը :
Թրամփը նախորդ շաբաթ կանխատեսում է արել այն մասին, որ ԱՄՆ-ում մինչ այն պահը, երբ ամեն ինչ վերահսկողության տակ կառնվի, COVID-19-ից 100,000-240,000 մահ կգրանցվի : Նա այդպիսով համաձայնել է Սպիտակ տան առողջապահության գծով խորհրդական Էնթոնի Ֆաուչիի հետ :
«Եթե պահպանենք սոցիալական հեռավորության կանոնները պատշաճ կերպով, ապա կկարողանանք իրավիճակից դուրս գալ նվազագույն քանակությամբ զոհերով», - ասել է Գեյթսը :
Գեյթսը, ով նախորդ ամսվանից այլևս չի ղեկավարում Microsoft-ը և կենտրոնացել է բարեգործական գործունեության վրա, հայտնել է, որ եթե մարդիկ շարունակեն պահպանել անվտանգ սոցիալական հեռավորության կանոնները և մնան կարանտինի մեջ, ապա ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա այս ամսվա վերջում :
«Սա մղձավանջի սցենարի է նման, քանի որ շնչառական վիրուսները մարդուց մարդու փոխանցվելով՝ կարող են աճել երկրաչափական պրոգրեսիայով : Եվ բոլորդ էլ գիտեք, որ եթե շարունակեինք գնալ աշխատանքի, ճանապարհորդել, ապա համաճարակը երբեք անկում չէր ապրի», - ասել է նա :
Գեյթսը կարծում է, որ «ամեն ինչ իսկապես կկարգավորվի, քանի որ փորձում են ստեղծել պատվաստանյութ»:
2015 թ. Բիլ Գեյթսը նախազգուշացրել է, որ պատերազմից ավելի վտանգավոր մի հիվանդություն մոտակա տասնամյակում միլիոնավոր մարդկանց կյանքին վտանգ կսպառնա : Նա նաև նշում էր, որ կատարվող գոործողություններից միայն 5%-ն իսկապես ուղղված կլինի առաջացած իրավիճակը կարգավորելուն :
Իսկ ահա սույն թվականի փետրվար ամսին նա հայտնել է, որ Բիլլ և Մելինդա Գեյթսերի ֆոնդը մինչև 100 միլիոն դոլար է ներդնում COVID-19-ի դեմ պայքարի գործում :