Ազգային Ժողովի Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի 5 ժամ տևած նիստի ավարտից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
«Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանել է թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրել այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: