Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։
Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ:
Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։
Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։
Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։
Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։
Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։
Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։