«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Նա նշեց, որ դատարանը բավարարել է թե՛ իրենց բողոքը, թե՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը. «Դատարանը բավարարեց և մեր բողոքը՝ ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ, բայց նաև բավարարեց վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կիրառելով կալանավորում 2 ամիս ժամկետով»,- նշեց նա: Փաստաբանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում, քանի որ ոչինչ հիմնավորված չէ: Ավելի վաղ, Հովիկ Սուքիասյանը հայտնել էր, որ Սեդրակ Առուստամյանի ցուցմունք է տվել և չի ընդունել մեղադրանքը, իսկ ձերբակալությունը փաստաբանը համարում էր անհեթեթ: Նա նաև նշել էր, որ իր պաշտպանյալին մեղադրում են գրավոր պայմանագրով մեկ այլ անձի փոխառություն տալու և տոկոսները չստանալու մեջ: Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

Սոնա Հարությունյան