«Որոշում դեռ չի ընդունվել, որոշումը կընդունվի երկուշաբթի օրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ձեռնափայտով էր եկել դատարան։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչն է ձեռնափայտով շրջելու պատճառը, միգուցե առողջական պնդիրներ ունի՞, Առուստամյանը պատասխանեց․ «Օպերացիայի է ենթարկվել ծունկս»։

Հարցին, թե դատարանի որոշման վերաբերյալ ինչ կանխատեսում ունի, Առուստամյանն ասաց․ «Ես նաստրադամուսը չեմ, ես վստահ եմ, որ ազնիվ եմ, ոչ մի հանցագործություն չեմ գործել և կարծում եմ՝ դատարանը ճիշտ որոշում կկայացնի»,- նշեց նա։

Իր դեմ ընթացող քրեական գործում քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում՝ հարցին ի պատասխան Առուստամյանն ասաց, որ ինքը քաղաքականության հետ կապ չունեցող անձ է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: