Ադեկվատ, լավ մարդ էր, հոգատար հայր, երեխաների հետ հաճախ էր իջնում բակ զբոսնելու, խաղալու: Պատմում են՝ այսօր Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում շենքի 9-րդ հարկից նետված 40-ամյա տղամարդու հարևանները: Նարնց խոսքով՝ չեն նկատել, թե սոցիալական խնդիրներ ունեն կամ ամուսինները վատ հարաբերություններ են ունեցել. «Կարենը սպա էր, թոշակի էր անցել: Մի որոշ ժամանակ կնոջից բաժանվել էին, բայց հետո միացել էին: Միշտ միասին երեխաների հետ իջնում էին խանութ, երեխաները սամակատ, հեծանիվ էին վարում, միասին մարզվում էին բակում: Երեխաներին շատ էր սիրում ու շատ լավ էր պահում։ 2 օր առաջ երեխեքի հետ էլի իջել էր բակ, շփվեցինք, ասաց՝ գնում են պաղպաղակ առնեն երեխեքին, հետո գնան սուրճ խմեն»,- ասաց հարևանը։ Հարևանների խոսքով՝ երկար տարիներ է ինչ այդ շենքում էր ապրում, միասին մանկություն են անցկացրել. «Ինքը շփվում էր մեզ հետ, բայց մտերիմ չէր, մի քիչ փակ մարդ էր»,-նշեց հարևանը: Հարևաններից մեկն էլ նշեց, թե տեղյակ չեն ամուսիններն ամուսնալուծված էին, թե ոչ, բայց գնում-գալիս էին միասին: Նշենք, ըստ նախնական տեղեկությունների, դեպքի պահին կինը քնած է եղել տանը: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:30-ի սաhմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր են հայտնաբերվել. 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: