Քիչ առաջ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը: Նա դուրս եկավ Ազատության հրապարակի իր վրանից, շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս քսանմեկ օրերի ընթացքում իրեն զորակցում էին:
Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, ովքեր ամեն օր գալիս և լուսաբանում էին. «Բացի մասնագիտական պարտականություններից՝ շատերը մարդկային մոտեցում ցուցաբերեցին: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներից, ծնողներիցս, երեխաներիցս, ովքեր այս օրերի ընթացքում ինձ աջակցեցին: Շնորհակալ եմ նաև բոլոր ոստիկաններից, բացի մի քանի մանր-մունր միջադեպերից՝ նրանք իրենց մասնագիտական պարտքը լավ կատարեցին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ շարունակելու է պայքարը՝ մեկ անգամ ևս հայտարարելով, որ վաղվանից սկսելու է այն:
«Ժառանգության» առաջնորդը Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորեց բոլորին, հրաժեշտ տվեց հավաքվածներին և իր ընտանիքի հետ ուղևորվեց Մայր աթոռ սուրբ Էջմիածին:
Հավելենք, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը այս օրերին Ազատության հրապարակում չի լինելու, բայց այստեղ շարունակվելու է ստորագրահավաքը՝ ի զորակցություն նրա: