Մեր լրատվական կայքն այսօր՝ հունիսի 4-ին, հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է զինված անձը վերահսկում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մուտքն ու ելքը «Հայփոստի» ծառայության շենք: Մեր հրապարակումից հետո «իրար խառնված» մեզ զանգահարեց նախարարի խոսնակը՝ պնդմամբ, թե մենք հիմք չունենք նման հրապարակման համար, սակայն հիմքը հենց նախարարի էջում հրապարակված տեսանյութն է, որը գուցե երկակի մեկնաբանման հնարավորություն էր տալիս:

 
 
 
 

Սակայն, փաստ էր, որ «Հայփոստի»  ծառայության շենքի մոտ գոյացած հերթերի մեջ կար մի մարդ, ով զինված էր, բայց չէր կրում համապատասխան տարբերվող հագուստ և չէր պահպանում զենքի կրման կարգը:

Նախարարի խոսնակը, ով մեզ նախապես զգուշացրել էր, թե «կոշտ են հերքելու», տվեց անհասցե և իրավական առումով խոցելի տեքստ, որը գուցե նաև ուղղված չէ մեզ: Նախարարի հերքման տեքստում ակնառու է հատկապես «Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներ» միտքը, որի համար պատրաստվում ենք դիմել դատարան` նախարարից պահանջելով ասել, թե ովքեր են «տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող» մարդիկ և երբ են նրանք ֆինանսավորել մեր կայքը:

Նշենք, որ նախարար Արշակյանը, անդրադառնալով մեր հրապարակմանը, Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։
Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։
Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»:

Ի դեպ, մեր կայքի ֆինանսավորման աղբյուրները բաց են, սեփականատերն Արման Վարդանյանն է, ով կայքի գործունեության սկզբնական փուլում իր միջոցներից է ֆինանսավորել, իսկ այսօր մեր կայացած լրատվամիջոցը կարողանում է իր գովազդների միջոցով ինքնաֆինանսավորվել: Սա նախարարը հաստատ կարող է ճշտել:

Նախարարության կողմից մեզ ուղղված հերքման պահանջի հրապարակման հարցում մենք չենք զլանա, ինչը նաև փաստացի արեցինք, սակայն, կան հարցեր, որոնց պետք է Հակոբ Արշակյանը պատասխանի:

Հարց 1. Ինչո՞ւ «Հայփոստի» «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցը (ինչպես պնդում է նախարարը) հատուկ ծառայողական համազգեստ չի կրում:

Հարց 2. Եթե նա «Հայփոստի» տվյալ մասնաճյուղում գտնվում է կոնկրետ առաքելությամբ, ինչո՞ւ է նախարարի կողքին և՛ մասնաճյուղ մտնելիս, և՛ այն ժամանակ, երբ այցն ավարտելուց հետո նախարարը դուրս էր եկել մասնաճյուղից:

 
 

Հարց 3. Պահպանված չէ ՀՀ զենքի մասին օրենքով սահմանված զենք կրելու, պահելու և դրա հետ անվտանգ վարվելու կանոնները:

Հարց 4 «Հայփոստի» բոլո՞ր բաժանմունքներում են կրում զենք և քաղաքացիական հագուստ, դա ընդունվա՞ծ կարգ է այդ կառույցում:

Ի դեպ, հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ տեղորոշման ծրագրով հերթերի մասին տեղեկություն ստանալու փոխարեն՝ նախարարն անձամբ է այդ գործառույթը կատարում, արդյո՞ք ենթադրելի է, որ տեղորոշման համակարգը, այնուամենայնիվ, ձախողվել է կամ այլ գործառույթ է կատարում: