Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ նոր կառավարության այն անդամներից է, որը նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ ամիսներ անց՝ հոկտեմբերին՝ ՀՀ-ում տեղի ունեցած երկրորդ «հոկտեմբերյան հեղափոխությունից» հետո։
Մասնագիտությամբ ճարտարագետ Հակոբ Արշակյանը մինչեւ կառավարություն ոտք դնելը աշխատել է մասնավոր սեկտորում՝ 2012-2017թթ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-ն, արաբական երկրները եւ Աֆրիկան): 2018-ի հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածում էլ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրենն էր: ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի, գրանցվել է 2017-ի նոյեմբերի 14-ին (գրանցման հասցեն Արշակյանի հաշվառման հասցեն է՝ Դավիթաշեն)։ Արշակյանի նշանակումից հետո այս ՍՊԸ-ի հետ կապված սոցիալական մեդիայում եւ որոշ կայքերում լուրեր տարածվեցին, թե այն առնչություն ունի Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերից մեկի՝ «Ինժեներական քաղաք»-ի հետ. մասնավորապես, թե իբր Արշակյանի ՍՊԸ-ն եղել է միլիոնավոր դոլարներ արժեցող այս ծրագրի շահառուն։ Նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, թե «տարիներ շարունակ քննարկվող այս ծրագիրը որպես նախարարի անձնական բիզես շահ ներկայացնելու փորձերն առնվազն անհեռատեսության ու անտեղյակության նշան են», ««Արաքսիս Ինժեներինգը» «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որեւէ կապ չունի եւ այս տարվա մայիսի 22-ից դադարեցրել է գործունեությունը»։ Պետռեգիստրում, սակայն, այս ընկերությանը վերաբերող տեղեկանքում այս պահին որեւէ նշում չկա դրա դադարեցման կամ լուծարման մասին։ Ի դեպ, նախարարության կայքում առկա է տեղեկանք, ըստ որի՝ «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպություններից մեկն էլ Արշակյանի հիմնած խորհրդավոր «Araxis Engineering» ՍՊԸ-ն է, որին աջակցություն է տրամադրվել 2017-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2022-ի դեկտեմբերի 1-ը։
Սակայն, սեփական բիզնեսին զարկ տալուց բացի, նախարարը նաև խոստումներ և հավաստիացումներ է տվել: Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այդ խնդրի լուծումը նախարարը, թերևս, տեսնում է օրինակ` Յութուբից ստացվող շահույթը հարկելով, քանի որ տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն դառնալուց Հայաստանն այս պահին այնքան հեռու է, որքան դա ընդհանրապես հնարավոր է:
Նախարարը նաև հայտարարել էր, որ Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի, ինչը կխթանի ներքին տուրիզմը: Նախարարի այս հայտարարության մասով նույնպես որևէ զարգացում տեղի չունեցավ:
Նախարարության վերակազմակերպումից հետո Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո եւ, ըստ էության, կառավարությունում ստեղծել են իրավիճակ, երբ կա ռազմարդյունաբերությամբ զբաղվող նախարարություն, որի հիմնական առաքելությունն է տեխնոլոգիաները կիրառելով՝ ստեղծել ռազմարդյունաբերական ոլորտում նոր մշակումներ եւ ծրագրեր՝ զենքի, զինամթերքի, սպառազինության արդիականացման մասով: Այժմ հարց՝ իսկ որտե՞ղ են այդ մշակումները և ծրագրերը: Հայաստանի հաջողության հիմնական գրավականը ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն է, որը նոր կառավարությունը հետևողականորեն ոչնչացնում է՝ փոխարենը չստեղծելով ոչինչ:
Համավարակի դեմ պայքարի այս փուլում, երբ կարևոր է յուրաքանչյուր լուման, Արշակյանի նախարարությունը 30 միլիոն դրամի դրամաշնորհ է խոստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որոնք, իր իսկ պնդմամբ, այնքան էլ չեն տուժել ստեղծված իրավիճակից: Եվ իսկապես, եթե հարցին օբյեկտիվ մոտենանք, ապա ՏՏ ոլորտը կարելի է ասել միայն շահել է: Այդ դեպքում որքանով է հիմնավորված նման աստղաբաշխական գումարի օգնության տրամադրումը, երբ կարելի էր այդ գումարով գնել օրինակ՝ թոքերի օդափոխության սարքեր և կյանքեր փրկել:
Նախարարությունն իսկապես մասնագիտացել է անիմաստ ծախսեր կատարելու հարցում: Նույն այս օրերին, երբ բոլորը սեղմում են գոտիները, այդ թվում նաև պետական գերատեսչությունները, նախարարությունը գնում է չրերի հավաքածու.
և ցուցանակ…