Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ կառավարության այն անդամներից է, որը նախարարի պաշտոնը ստանձնեց ոչ թե Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այլ ամիսներ անց՝ հոկտեմբերին՝ ՀՀ-ում տեղի ունեցած երկրորդ «հոկտեմբերյան հեղափոխությունից» հետո։ 

Նշանակումից անմիջապես հետո նախարարը հետամուտ եղավ հանրությանը մի շարք կարևորագույն խոստումներ տալուն: Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այդ խնդրի լուծումը նախարարը, թերևս, տեսնում է օրինակ` Յութուբից ստացվող շահույթը հարկելով, քանի որ տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն դառնալուց Հայաստանն այս պահին այնքան հեռու է, որքան դա ընդհանրապես հնարավոր է: 


Նախարարը նաև հայտարարել էր, որ Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի, ինչը կխթանի ներքին տուրիզմը: Նախարարի այս հայտարարության մասով նույնպես որևէ զարգացում տեղի չունեցավ: 

Նախարարը լի էր վճռականությամբ ի տարբերություն նախորդների՝ խնայողաբար վերաբերվեց պետական բյուջեից իրեն հատկացված գումարներին: Արդյունքում՝ այս օրերին, երբ բոլորը սեղմում են գոտիները, այդ թվում նաև պետական գերատեսչությունները, նախարարությունը գնում է չրերի հավաքածու. Համաձայնեք՝ սա տնտեսման լավագույն օրինակ է:

Googl-ի և Paypall-ի հետ նույնպես պետք է լուծվեին ՝ Հայաստանին առնչվող խնդիրները: Նաև այս հարցերն էին քննարկվել նախարարի՝ 2019-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում, սակայն մինչ օրս որևէ խնդիր իր լուծումը չի գտել: 

Հակոբ Արշակյանը նաև խոստացել էր հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ջանքերի եռապատկում: Սակայն այդ խոստումից քիչ անց հենց ինքը նախարարը ընդունեց, որ շինարարական աշխատանքները ժամկետների մեջ չեն տեղավորվելու, իսկ այսօր ճանապարհի շինարարությունը ընդհանրապես չի շարժվում մեռյալ կետից: 

Պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց Արշակյանը խոստացել էր անել ամեն ինչ՝ Լարսի անցակետի այլընտրանք գտնելու համար: Այսօր Լարսում կուտակված հարյուվոր ավտոմեքենաները, այն խնդիրները որոնց մեր հայրենակիցները բախվում են սահմանին՝ խոսուն վկայությունն է այն բանի, որ այս խոստումն էլ իրականություն չի դարձել: 


Արշակյանը պատրաստվում էր առաջ մղել նաև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը, սակայն այնուհետև հենց ինքն էլ հայտարարեց, որ տեսանելի ապագայում այդ հարցը մեռյալ կետից չի շարժվի՝ նախադրյալներ չկան: Իսկ թե ով պետք է ստեղծեր այդ նախադրյալները, եթե ոչ նախարարը և իր ղեկավարած կառույցը՝ մեծ հարց է: 


Իսկ թե ինչով է այս նախարարությունը նպաստում երկրում բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, ընդհանրապես հայտնի չէ։ Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրություններից, համենայնդեպս, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նշույլ չի նշմարվում՝ անում են նույնը, ինչ նախկինում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր անում, ո՛չ ավելին։ Իրականում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այնքան բան չունի անելու կամ ասելու, որ գերատեսչության լրատվականը ստիպված նախարարի հրավիրած գործակարգավարական խորհրդակցության՝ դիսպետչերականների անցկացման մասին է հաղորդագրություններ տարածում, թե խորհրդակցության ընթացքում նախարարը տվել է կարեւոր հանձնարարականներ։ Իսկ խոստումների մասին ինչպես երևում է Հակոբ Արշակյանը մոռացել ու մոռացել է…