Խորհրդարանում տեղի ունեցած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ «Լուսավոր Հայաստան»-ը և ԲՀԿ-ն, ինչպես նախապես հայտնել էին, չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ավելի ուշ կողմ քվեարկեցին նաև ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը՝ կրկին 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության այս արդյունքները  թույլ են տալիս հանգել այն եզրակացության, որ չնայած՝ «Իմ Քայլում» առկա տարաձայնությունների, անջատողական շարժումների մասին պարբերաբար տարածվող տեղեկությունների՝ առնվազն այս պահին Նիկոլ Փաշինյանը վերահսկում է իր խորհրդարանական խմբակցությունը: Քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել միայն Թագուհի Թովմասյանը, ով օրերս էր մայրացել, և Սասուն Միքայելյանը, ով ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ «տղամարդու խոսք էր տվել, որ Ծառուկյանի դեմ չի քվեարկի»: Սակայն, խմբակցությունը առանց Սասուն Միքայելյանի և Թագուհի Թովմասյանի էլ կատարեց իր վրա դրված «պարտականությունը»: 

Ի՞նչ սցենար կարող է լինել խորհրդարանի կայացրած այս երկու որոշումներից հետո: Նախ և առաջ նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների հանդեպ զգալիորեն մեծացել է Ռուսաստանի հետաքրքրությունը և ակտիվությունը: Դա արտահայտվում է նաև ռուսական մամուլում՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների լուսաբանմամբ: Բացի այդ, ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին նկատվում է ռուսամետ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի և մեկ օրակարգով հանդես գալու միտում: Ընդամենը երկու օր առաջ ՀՅԴ գրասենյակում հանդիպել են Դաշնակցություն, Հայրենիք, Մեկ Հայաստան, Ազգային օրակարգ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Չի բացառվում, որ կոնսոլիդացիան լինի էլ ավելի լայն՝ ներառելով նորանոր խաղացողների:

 

Հասկանալի է, որ այսօրվա քվեարկությունից հետո նվազագույնի են հասնում խորհրդարանով իշխանափոխության հասնելու ընդդիմության շանսերը, հետևաբար իշխանափոխության գործուն ճանապարհ մնում է միայն փողոցային պայքարը: Եվ հաշվի առնելով, որ հավանական միավորման մասին հայտարարող ուժերը, բացի ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, արտախորհրդարանական ուժեր են, ապա պարզ է, որ իշխանափոխության հասնելու հիմնական գործիքակազմը խորհրդարանի պատերից դուրս է՝ փողոցային պայքարի մեջ: Այս հանգամանքը քաջ գիտակցում է նաև Նիկոլ Փաշինյանը և պատահական չէ, որ արդեն երրորդ անգամ երկրում երկարաձգվում է արտակարգ դրության վիճակը, որի պայմաններում, հիշեցնենք, հավաքներ և ցույցեր անցկացնելն արգելվում է օրենքով, ասել է թե՝ Փաշինյանը քողարկվելով արտակարգ դրությամբ՝ ապահովագրել է իրեն ընդդիմության փողոցային պայքարից: Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես է իրավապահ համակարգը ճնշում անհնազադանության ամենաչնչին իսկ փորձը: Սակայն, հասկանալի է նաև այն, որ արտակարգ դրությունը չի կարող տևել հավերժ, հատկապես, որ այս ողջ ընթացքում համաճարակի դեմ պայքարում իշխանությունները որևէ հաջողություն չեն գրանցել, արտակարգ դրությունը իրեն չի արդարարացրել՝ ինչը էլ ավելի անտրամաբանական և ոչ լեգիտիմ է դարձնում այն պարբերական երկարաձգելը և ինքնստինքյան էլ ավելի է մեծացնում հանրության դժգոհությունը օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից:

Հասկանալի է, որ արտակարգ դրության ավարտից հետո վերը նշված քաղաքական ուժերն ակտիվացնելու են փողոցային պայքարը, այդ մասին այսօրվա իր ելույթում ակնարկեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ արտակարգ դրության ավարտից հետո կլինեն ցույցեր, հավաքներ: ԱԺ-ում կայացած քվեարկությունից անմիջապես հետո էլ տարածվեց ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է Հայրենիք, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Մեկ Հայաստան կուսակցությունների՝ ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Կարելի է վստահորեն պնդել, որ արտակարգ իրավիճակի ավարտից անմիջապես հետո ընդդիմադիր դաշտը լծվելու է փողոցային պայքարին՝ փորձելով հենց այս ճանապարհով հասնել իշխանափոխության: Եվ սա հենց այն սցենարն է և այն զարգացումներն են, որոնցից այդքան խուսափում է Նիկոլ Փաշինյանը և որոնք փորձում է խեղդել հենց «օրօրոցում»՝ այն պարզ պատճառով, որ եթե բանը հասնի փողոցային պայքարի, ապա ամենայն հավանականությամբ այդ «պատերազմը» Փաշինյանը պարտվելու է՝ մերժվելով հենց նույն «հպարտ» քաղաքացիների կողմից...