Օրերս Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրի բնակիչ 30-ամյա Նարեկ Ս․-ն ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և մինչ օրս չի վերադարձել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը հայտնեց, որ բնակիչը ճանապարհ է ընկել ձիով։
«Գյուղացի մարդիկ են, անասուններ ունեն, իրենց անասուններն ամեն տարի էլ տանում են Սիսիան համայնքի տարածքներում պահելու։ Էս տարի, որտեղ որ տանում են, էնտեղ արոտավայրն անբարենպաստ ա եղել, առաջին անգամ են գնացել էդ ձորը՝ Նախիջևանի սահմանի վրա, ու տեղյակ չեն եղել, որ դիմացի պոստը Ադրբեջանինն է»,-ասաց ղեկավարը։
Մալունցի խոսքով՝ ամեն օր՝ ժամը 10-ի կողմերը, նրանք ձիով գնում են անասունների հետևից․ «Սովորականի համաձայն՝ առավոտյան կովերը կթում են, բաց են թողնում, արոտին մի քիչ հանգստանում, գործերն անում են, հետո ձիով գնում անասուններին բերելու։ Նարեկը գնացել է անասունի հետևից ու էլ չի վերադարձել»,-պատմում է ղեկավարը։
Մալունցը նշում է, որ իրենք՝ Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ, գյուղի երիտասարդների հետ, մինչ օրս փնտրում են Նարեկին․ «Որոնողական աշխատանքները իրականացնում ենք ձորում, որովհետև ձորը, որտեղ գտնվում է արոտավայրը, շատ խորն ու մեծ է' կիլոմետրերով է ձգվում»,-ընդգծեց Մալունցը։
«Եթե չեն գտնում, ապա կա՛մ ձիուց ա ընկել, կա՛մ ձիուն էլ, իրեն էլ կրակել են։ Բայց, եթե ձիուց ընկած լինի, մտածում ենք՝ որտեղ է ձին»,-ասաց ղեկավարը և հավելեց, որ հնարավոր է՝ ինչ-որ փոսի մեջ ընկած լինեն։
Ղեկավարը նշում է, որ չեն դադարեցնում որոնողական աշխատանքները, քանի որ Ադրբեջանից որևէ պաշտոնական հայտարարություն չկա․ «Իմ հսկողությամբ ամեն բան արվում է։ Այսօր առավոտից Խնձորեսկի երիտասարդները 4 մեքենայով դուրս են եկել Նարեկին փնտրելու։ ԱԻՆ-ը ևս որոնողական աշխատանքները չի դադարեցրել։ Ինչ կարողանում ենք՝ անում ենք»,-եզրափակեց ղեկավարը։
Նշենք, որ Նարեկ Ս․-ն չունի հոգեկան առողջության որևէ խնդիր։