Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, հարաճուն օրինազանցությունը շարունակում է մտահոգել ճարտարապետներին: Մարտի 29-ին Երևանի պատմամշակութային հուշարձան «Փակ շուկայի» պահպանությանն ուղղված հերթական բաց նամակն է ուղղվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամների կողմից:

Նամակում վերջիններս «Փակ շուկայի» շուրջ ծավալված զավեշտալի ներկայացմանը վերջակետ դնելու համար քաղաքապետին կոչ են արել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու, որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան, պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակել որպես «մշակութային վանդալիզմ», իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից, այնուհետև Մաշտոցի պողոտայի «Փակ շուկան» ազգայնացնել ու վերադարձնել Երևան համայնքին:

Բաց նամակի ներքոստորագրյալ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե ակնկալիք չունի, որ քաղաքապետն ընթացք կտա այս նամակին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կզրկի սեփականությունից: Ըստ նրա՝ սա պարզապես ևս մեկ փաստաթուղթ է այն մասին, որ իրավական այս միջոցին ևս պետք է դիմել: «Ակնկալիք չունենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուժը կարող է պատել այս հարցը լուծելու համար: Սամվել Ալեքսանյանին կարող է զսպել միայն նախագահը: Ցավոք, սա է մեր իրականությունը՝ ողջ պետությունը գտնվում է մեկ մարդու ձեռքին, նա է լուծում բոլոր խնդիրները, ուստի Սամվել Ալեքսանյանը որևէ մեկի, որևէ պաշտոնյայի չի ենթարկվի, միայն ու միայն՝ նախագահին: Այսօր «Փակ շուկայի» եռուզեռը ցույց է տալիս, որ նա որևէ մեկին չի ենթարկվում: Նման բաց նամակներով մենք փորձում ենք «տաք» պահել այս հարցը: «Փակ շուկայի» կեսը քանդված է: Պատկերացրեք Սուրբ Հռիփսիմեի կեսը քանդեն և սրճարան սկսեն կառուցել. դա վանդալիզմ է:

Մենք՝ ճարտարապետներս ամենաշատն ենք հասկանում, որ պատմական հուշարձանը չի կարելի կորցնել, չէր կարելի, դա մեր դիմագիծն է, մեր մշակութային արժանիքներից մեկը: Մենք հաճախ ենք վրդովվում, երբ այլ երկրներում լավ չեն պահպանում հայկական հուշարձանները, սակայն պետք է ձայններս կտրենք, որովհետև մենք ինքներս մեր արժեքները քարուքանդ ենք անում օրը ցերեկով: Այդ ժամանակ մեր թշնամիներից ի՞նչ կարող ենք պահանջել»,- նշեց ճարտարապետը, ապա հավելեց, որ մեկ տարուց ավելի է Երևանի կենտրոնում պատմամշակութային հուշարձանը շարունակաբար, անընդհատ քանդվում է, իսկ սեփականատիրոջն ուղղված բոլոր նախազգուշացումները , բոլոր տուգանքները անտեսվում են:

Սաշուր Քալաշյանի կարծիքով՝ սեփականատերը տուգանքը վճարել է, ինչպես կաշառք, և շարունակում է նույն կերպ գործել: Սակայն, մասնագետի համոզմամբ, ամենաճիշտ ելքը կլինի, որ Սամվել Ալեքսանյանին զրկեն սեփականության իրավունքից, իսկ շուկան վերադարձնեն հանրությանը:

Սակայն Սաշուր Քալաշյանը լիահույս չէ, թե հարցն այս կերպ լուծում կստանա:

«Նման հարցերը չեն լուծվում համակարգի պատճառով: Քաղաքապետի փոփոխությամբ այս հարցը չի կարող լուծում ստանալ, սա այսօր նախագահի մակարդակով լուծվող հարց է: Բայց չէ՞ որ մեկ անձով չի կարելի երկիր ղեկավարել: Դա անհնար է, չի էլ կարող ղեկավարվել այդպես: Այսպես շարունակվելու դեպքում 10-15 տարի հետո Երևանը ևս չենք ունենա: Պետք է պարզապես համակարգը փոխվի, կոլեգիալ կառավարման պետք է անցնել, քանի որ մեկ անձը չի կարող կառավարել երկիրը»,- կարծիք հայտնեց ճարտարապետը: