Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը:
Գևորգ Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հետ կապված դեռ նախաքննություն է ընթանում. «Չեմ կարող ինչ-որ տեղեկություններ տրամադրել, երբ հրապարակվի քրգործը՝ մենք էլ մեր հերթին կմեկնաբանենք»,- ասաց փաստաբանը:
Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե պաշտոնական հայտարարությունը երբ կլինի. «Դա պետք է խորհրդակցենք մեր վստահորդի հետ, երբ թույլատրեց՝ այդ ժամանակ էլ կներկայացնենք»:
Երեկ տեղեկություն տարածվեց նաև, որ դատավոր Գևորգ Նարինյանը երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել։ Այս լուրը ևս փաստաբանը չցանկացավ մեկնաբանել. «Դրա հետ կապված էլ մեկնաբանություններ կտա պարոն Նարինյանը, ես լիազորված չեմ, դա իմ վստահորդի բժշկական գաղտնիքն է»,- եզրափակեց նա:
Արփինե Հակոբյան