Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ուշագրավն այն է , որ նախագահը Վաղարշյանի թեկնածությունն արդեն երկրորդ անգամ է առաջադրում. առաջին անգամ այն մերժվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, հատկապես՝ սորոսական թևի ջանքերով: Ինչպես երևում է, նախագահը որոշել է սկզբունքայնություն դրսևորել այս հարցում, սակայն միանշանակ է, որ «Իմ քայլում» նման առաջադրումը լուրջ իրարանցում է առաջացնելու՝ թեկնածուի բացահայտ անցանկալի լինելու պատճառով: 

 


Արդեն իսկ հայտնի են երեք թեկնածուները և կարելի է վստահաբար ասել, որ այս առաջադրումները լրջորեն պառակտել են «Իմ քայլին»: Բանն այն է, որ, օրինակ, «Իմ քայլի» իրավական թևը ամեն գնով ցանկանում էր ՍԴ անդամի թեկնածու տեսնել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, և այժմ այս թևը մեսիջներ է հղում կառավարությանը, որ պետք է կամ փոխել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, կամ իրենք պարզապես դեմ են քվեարկելու: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատգամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին: Բավականին ակտիվորեն այս թեկնածությանն ընդդիմանում են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության անդամները և համակիրները, սորոսական շրջանակները, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ովքեր անգամ հայտարարությամբ հանդես եկան: Որպես պատճառ՝ նշում են այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի տղան է, ով, ըստ իրենց, դակել է Մարտի 1-ի մեղադրյալների գործով բոլոր դատավճիռները: Ավետիսյանի թեկնածությունը, ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետին առաջարկել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում հետ Վահե Գրիգորյանի հարաբերությունները վաղուց լարվել են: 


ԲԴԽ-ն իր հերթին առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ինչը շատերի համար նույնպես անսպասելի է եղել: Այստեղ նույնպես կան հարցեր, որոնք կարող են հուզել հենց Վահե Գրիգորյանի թևին: Բանն այն է, որ այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաեւ նախագահ, եւ երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն եւ արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ: Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, եւ ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մի բան, ինչը բնավ չի մտնում Վահե Գրիգորյանի պլանների մեջ: 


Ինչպես տեսնում ենք, ՍԴ անդամի թեկնածուների առաջադրումը, իրոք, լուրջ խառնաշփոթ է առաջացրել իշխող քաղաքական ուժի շրջանում: