«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը շատ ծանր է, իսկ բժիշկների արձանագրությամբ՝ կայուն-ծանր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա մոտ միաժամանակ մի քանի խնդիրներ են առկա՝ սուր սրտամկանի ինֆարկտ, թոքաբորբ է, թոքերի և երիկամների հետ կապված խնդիրներ, ջուր է կուտակվել, ոտքերը այտուցված են։ Բժիշկները ծանր վիճակը կայունացրել են»,- ասաց Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ Պավլիկ Մանուկյանը կյանքը սիրող, ուժեղ մարդ է և լավատեսական է տրամադրված․ «Ինքը պարտվողական չէ, ասում է՝ լավ է, դուրս է գալու այս վիճակից և սա էլ ենք հաղթելու», - նշեց նա։
Նշենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին ներկայացրեց «Էրեբունի» Բկ-ի տեղեկանքը, ըստ որի՝ Պավլիկ Մանուկյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։