Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այսօրվա դրությամբ չվերթները կմնան այն ռեժիմում, ինչպիսին կան: Նրա խոսքով՝ կառավարությունը որոշումներ կընդունի ըստ սեպտեմբերին կորոնավիրուսի տարածման տեմպի:
«Սա գլոբալ խնդիր է և գիտեք, որ մեզ համար կարևոր է այն վիճակագրությունը, թե որ երկրում ինչպես է զարգանում կորոնավիրուսի տարածումը: Այս մասին մենք որոշումներ ենք ընդունում մեր միջազգային գործընկերների հետ միասին»,- հայտարարել է նախարարը:
Օրեր առաջ Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը հայտարարեց, որ Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Միջազգային կանոնավոր ավիաչվերթների իրականացման սահմանափակումը չի վերաբերում Թբիլիսիի և Մյունխենի (Գերմանիա), Փարիզի (Ֆրանսիա) և Ռիգայի (Լատվիա) օդանավակայանների միջև չվերթներին․ «Lufthansa», «AirFrance» և «airBaltic» ավիաընկերությունները կշարունակեն աշխատել:
Վրաստանի զբոսաշրջության ազգային կառավարման ղեկավար Մարիամ Քվիվիշվիլիի հայտարարությամբ՝ հուլիսի 22-ից օգոստոսի 15-ի տվյալներով, Վրաստան 1000-ից ավելի զբոսաշրջիկ է մուտք գործել, այս մասին գրում է aliq.ge-ն: