Թեև «Բլեյանի դպրոց»-ի մասին դրական կարծիքները գերակշռում են, այնուամենայնիվ, դրանց կողքին կան նաև բացասական կարծիքներ: Լրագրող Նաիրիր Հոխիկյանի երեխաները 1 տարի հաճախել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, սակայն այդ 1 տարում ոչինչ չեն սովորել, եղածն էլ մոռացել են: Դրա վերաբերյալ լրագրողը ֆեյսբուքյան տիրույթում արտահայտել էր իր մտահոգությունը և դպրոցի մասին հայտնել իր բացասական կարծիքը:
2018 թվականին Հոխիկյանը իր երեխային՝ «ազատության անվան տակ անկարգապահություն ձեռք բերած» կրթահամալիրից տեղափոխել է մեկ այլ դպրոց:
Նաիրի Հոխիկյանի կինը՝ Արուսյակ Հոխիկյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենց երեխաներին դպրոցից հանել են, որովհետև դպրոցում պարտաճանաչություն ասվածը բացակայում էր, երեխաների մեջ հայրենասիրություն չէին սերմանում, մասնավորապես, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չէին այցելում, միջոցառումներ և հիշատակումներ չէին լինում. «Իմ՝ այնտեղ աշխատելու տարում, Ծիծեռնակաբերդ այցելության հետ կապված որևէ հրապարակում չեղավ, չնայած, գիտեմ, որ շատերը գնացել են: Դպրոցում այդքան միջոցառումներ են լինում տարբեր թեմաներով, և դրանց իրենք միշտ անդրադառնում են, բայց ապրիլի 24-ի հետ կապված որևէ հիշատակում և միջոցառում այնտեղ չեմ տեսել»:
Դրանից հետո Հոխիկյաններն արդեն վերջնական որոշել են՝ երեխաներին տեղափոխելու են մեկ այլ դպրոց:
Արուսյակ Հոխիկյանը, որը տարիներ առաջ աշխատել է Բլեյանի դպրոցում՝ որպես լրագրության ուսուցչուհի, շատ ավելի լավ գիտի դպրոցի խնդիրները: Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան գրառումից հետո դպրոցի ներկայիս աշխատակիրցները վերջինիս մեղադրեցին այն բանում, որ նա սկսել է բարձրաձայնել դպրոցի խնդիրները, քանի որ կնոջը հեռացրել են աշխատանքից. «Նրանք անհիմն հայտարարում են, որ Նաիրիի հայտարարությունը կապված է այն բանի հետ, որ իրենք իմ աշխատանքային պայմանագիրը ժամանակին չերկարացրին: Ինձ չեն հեռացրել կրթահամալիրից, իրենք ընդամենը պայմանագիրս չեն երկարացրել, այն էլ այն պարագայում, երբ ես ես չէի ցանկանում շարունակել աշխատանքս»,- նշեց Նաիրի Հոխիկյանի կինը:
Աշխատանքը շարունակել չցանկանալու վերաբերյալ Արուսյակը ընդգծեց, որ կրթահամալիրում իրենից պահանջում էին մի բան, որը չէր մտնում իր աշխատանքային պարտականություների մեջ. «Ինձնից պահանջվում էր մի բան, որը, ըստ էության, ուղղակի հնարավոր չէր: Ինձնից՝ որպես լրագրության ուսուցչուհու, պահանջում էին երեխաների հետ լուսաբանել ամբողջ իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում կրթահամալիրում, իսկ դրանց թիվը շատ-շատ էր: Եթե ես ինքս գրելու լինեի՝ օրական 20 նյութից ավելի կարող էի գրել, բայց պահանջվում էր, որ նյութերը պիտի լինեն երեխաների բլոգներում, որտեղ ես մուտք չունեմ, բնականաբար, դա նորմալ է, ու երեխաները այդ հրապարակումները, ընկնելով նրանց հետևներից, միևնույն է՝ չէին անում: Ստացվում է՝ աշխատանքս, անկախ իմ կամքից, լիարժեք անել չէի կարողանա»,- նկատեց Արուսյակը:
Նա նշում է՝ կրթահամալիրի աշխատակիցների հետ անձնական որևէ խնդիր չի ունեցել և չունի, մեծ սիրով շարունակում է շփվել վերջիններիս հետ:
«Մեր դժգոհությունը ընդհանուր մթնոլորտն է՝ դպրոցում պարտադրանք չկա, աշակերտները ազատ վարքագիծ են ցուցաբերում: Այդ տարիքի երեխաները չեն կարող առանց պարտադրանքի, իհարկե, տերթոդիկյան մեթոդների մասին չէ խոսքը, բայց երեխան պետք է պարտավորվածություն զգա, թեկուզ այն բանի համար, որ ինքը պետք է 2 ստանա, եթե X առաջադրանքը չկատարի: Երեխան, անպայման, պիտի այդ մեխանիզմերը իր մեջ հաշվի առնի. ինքնակարգավորվելու համար դա շատ կարևոր է, իսկ այնտեղ դա բացակայում էր»,- եզրափակեց Արուսյակ Հոխիկյանը:
Հիշեցնենք, որ «Բլեյանի դպրոց»-ի աշխատակիցները դիմել են կառավարությանը՝ «Մխիթար Սեբաստացի» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու առաջարկով։ Այդ դեպքում հիմադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը կարող է 65 տարին լրանալուց հետո էլ շարունակել ղեկավարել կառույցը՝ արդեն որպես «Մխիթար Սեբաստացի» հիմնադրամի տնօրեն:
Արփինե Հակոբյան