Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Դրանից առաջ էլ մամուլը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել Արմավիր, Վանաձոր, Նուբարաշեն ՔԿՀ-ներում:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ գործում են արևմտյան ֆոնդերից սնվող իրավապաշտպան ՀԿ-ներ, որոնք բավականին ակտիվ էին նախկին իշխանությունների օրոք: Եթե նման իրավիճակներ էին պատահում արդարադատության նախկին նախարարների կառավարման տարիներին՝ ՀԿ ներկայացուցիչները նամակներով ողողում էին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային կառույցները, դեսպանատները, նախարարին էլ քառատելու կոչեր էին հնչեցնում: Մասնավորապես նման դեպքեր արձանագրվեցին Արփինե Հովհաննիսյանի ղեկավարման տարինեին: Այսօր, սակայն, այդ նույն ՀԿ-ը իշխանության են եկել և կալանավորների իրավունքները նրանց այլևս չի հուզում: Արդարադատության նախարարության ցանկացած բեսպրեդելի վրա աչք է փակվում, չնայած այն հանգամանքին, որ մինչ օրս էլ շարունակում են դրամաշնորհներ ստանալով, մասնագիտանալով հենց կալանավայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ:
Եթե նախարարը յուրային է՝ լռելը դառնում է ավանդույթ: Հայաստանում լռում են բնապահպան ակտիվիստները, ովքեր նախկինում ամեն կտրած թփի և բացված հանքի համար իշխանությունների հրաժարական էին պահանջում: Լռում են ազատ խոսքի իրավունքի պաշտպանության համար պայքարող ակտիվիստները, չնայած նույն լրագրողների աշխատանքը շարունակում է խոչընդոտվել տարբեր մակարդակներով, հիմա էլ լռում են իրավապաշտպան ակտիվիստները և ՀԿ-ը, երբ օրը ցերեկով կալանավայրում «սամոսուդ» են կազմակերպում դատապարտյալների հանդեպ: Լռում է Հայաստանի Հելսինկյան Կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լռում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, լռում է Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավաբանները ընդդեմ խոշտանգումների ՀԿ-ն, Հույս ՀԿ-ն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Եվ կապ չունի, որ այդ դատապարտյալը օրենքով գող է, կամ քրեական հեղինակություն, նա առաջին հերթին ՀՀ քաղաքացի է, ով ունի իրավունքներ, որոնք պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ցավալի է, որ, իշխանության կերակրամանին հասնելով, որոշ ՀԿ-ներ պատռեցին իրենց դիմակները և մոռացան իրենց բուն առաքելության մասին: Եվ գլխավոր հարցը այն է, թե ինչու մոռացան: Պատճառն էլ պարզ է՝ քրեական հեղինակություններին, օրենքով գողերին, կամ քրեական ենթամշակույթ կրող անձանց հանդեպ ծայր առած ճնշումները պայմանավորված են ստանդարտ ձևաչափերից դուրս գտնվող լիդերներին ամեն կերպ մեկուսացնելու անհրաժեշտությամբ, քանի որ այդ նույն արևմտյան ֆոնդերից սնվող ՀԿ-ը չեն էլ թաքցնում իրենց գլոբալիստական հայացքները, իսկ գլոբալիզմը, ինչպես գիտենք, ենթադրում է ոչ ֆորմալ լիդերության ինստիտուտի, տարատեսակ ենթամշակույթների վերացում՝ հասարակության և պետությունների կառավարելիության մակարդակը բարձրացնելու նպատակով, ինչին էլ այսօր լուռ համաձայնություն են տալիս և աջակցում են վերը նշված ՀԿ-ը: