Կառավարության օգոստոսի 27-ի նիստին հայտարարվեց, որ արտակարգ դրության ռեժիմը սեպտեմբերի 15-ից հետո չի երկարաձգվի։ Դրա փոխարեն նիստի ընթացքում որոշում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնք թույլ կտան որոշ սահմանափակումներ սահմանել՝ առանց արտակարգ դրության ռեժիմի։
Փոփոխություն է կատարվել 3 օրենքում և 3 օրենսգրքում։
Իրավաբան․net-ը ներկայացնում է նախատեսվող բոլոր փոփոխությունները։
Այսպիսով, պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներն իրենց իրավասության շրջանակներում` կկարողանան կազմակերպել օպերատիվ միջոցառումներ հիվանդությունների բռնկումների և թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ։
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը շարունակվելու են հաշվառվել և հաղորդվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից։
Լիազեր մարմինը իրականացնելու է հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`
1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ՝ բժշկական զննություն կամ լաբորատոր որևէ հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.
2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղևորությունների պատմության ուսումնասիրություն.
3) բժշկական զննության իրականացում.
4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.
5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձինք (այսուհետ՝ կասկածելի անձինք )), վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձիք` (այսուհետ՝ կոնտակտավոր անձինք), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.
6) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, դեպքն արձանագրող այլ անձանց կամ մարմինների կողմից, սանիտարական կանոններին համապատասխան, տեղեկացվում է լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացմամբ, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.
7) կասկածելի, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.
8) կասկածելի անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
9) անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:
Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր կլինի այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։
Հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Այսինքն, քաղաքացին կարող է ենթարկվել բժշկական ոչ հոժարակամ հետազոտության, երբ նա վարակված է Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությամբ, կամ առկա են ապացույցներ տվյալ քաղաքացու` այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ։
Առանց արտակարգ դրության երկրում կարող է սահմանվել նաև կարանտին։ Այն սահմանվելու է վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում։ Հանրապետությունում կարանտին սահմանելու վերաբերյալ որոշումը կայացնելու է կառավարությունը, մարզում՝ մարզպետը, միայն Երևանի համար՝ քաղաքապետը։
Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվելու լիազոր մարմնին առաջարկությունը ներկայացնելուց հետո 24 ժամում։ Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով:
Կարատինից բացի կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները․
1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
4) օբսերվացիա.
5) ինքնամեկուսացում.
6) մեկուսացում:
Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետևյալ սահմանափակումները.
1) տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.
2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.
3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայություն.
4) անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն և սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղևորների թվաքանակի սահմանափակում, ինչպես նաև սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:
Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում կարող է սահմանափակվել կրթական հաստատությունների, իրավաբանական անձանց գործունեությունը, փոխադրումները և այլն։
Կարող են արգելվել՝
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումները.
2) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:
300-500 հազար դրամ տուգանք է սահմանվել կարանտինի ժամանակ ինքնամեկուսացման կանոնները խախտելը։ Եթե արարքը պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում, այն կպատվի տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Եթե արարքը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։
Տուգանք կսահմանվի նաև կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելու համար։
Նշենք, որ կառավարության կողմից որոշման ընդունումից հետո այն ուղարկվել է ԱԺ և միայն ԱԺ-ի կողմից ընդունվելու և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում այս օրենսդրական փաթեթը ուժի մեջ կմտնի։