Ուկրաինայի Խերսոնի մարզում էլեկտրահաղորդման գծերի հենասյուների պայթեցումը, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում նաև Ղրիմին, հանգեցրել է Ուկրաինայի ատոմակայանների հզորությունների վթայրային նվազեցման: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է «Ուկրէներգո» ընկերության առաջին փոխտնօրեն Յուրի Կասիչը:

 

«Այս բոլոր իրադարձությունները հանգեցրել են էլեկտրական ցանցից ջերմաէլեկտրակայանների երկու բլոկների լրացուցիչ վթարային անջատման և Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանների՝ 500 մեգավատով վթարային բեռնաթափման անհրաժեշտության»,- մեջբերում է նրա խոսքը «112: Ուկրաինան»:

 

Էլեկտրահաղորդման գծերի քանդված հենարանների նորոգումը կզբաղեցնի երեք կամ չորս օր՝ պայմանով, որ նորոգողներն այնտեղ հասնելու հնարավորություն ունենան: Ղրիմի բնակավայրերը նոյեմբերի 22-ի գիշերը մնացել են առանց լույսի: Էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարել են Ուկրաինայի տարածքից եկող բոլոր չորս գծերով: Ղրիմի իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այժմ Ղրիմի բոլոր խոշոր քաղաքներն արդեն միացվել են էլեկտրամատակարարման, սակայն սեփական արտադրման պակասի պատճառով թերակղզում սահմանվում են էլեկտրականությունից և ջրամատակարարումից բնակչության անջատման գրաֆիկներ:

 

Թերակղզու բոլոր սոցիալական օբյեկտները միացված են սնուցման պահուստային աղբյուրների: