Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարեց ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մալաքյանը կկալանավորվի մեկ ամիս ժամկետով։

 

Հիշեցնենք, որ վերջինս ազատ էր արձակվել նախօրեին՝ ուշ երեկոյան, քանի որ լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել քննարկել նրա խափանման միջոցի հարցը։

Դատարանը այսօր միաժամանակ քննարկել է եւ Մալաքյանին ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը, եւ նրան կալանավորելու քննիչի ներկայացրած միջնորդությունը ու երկուսն էլ բավարարել. Մի որոշմամբ ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ, մեկ այլ որոշմամբ՝ բավարարել ֆուտբոլիստին կալանավորելու միջնորդությունը։

 

Նշենք, որ մյուս եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Հարությունյանը։ Գոռ Մալաքյանի խափանման միջոցի գործով դատական նիստն ընդմիջվել էր։ Նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 18։00-ին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Բացի այդ՝ պաշտպանը հրապարակել էր երիտասարդների լուսանկարները՝ մարմնական վնասվածքներով։