Հայաստանը 15 միլիոն դոլարի հանձնառություն է տվել ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆոնդին (The Global Fund to Fight AIDS, Tuberculosis and Malaria): Այս մասին նշված է Գլոբալ ֆոնդի համալրման վեցերորդ համաժողովի հանձնառությունների փաստաթղթում։ Հայաստանի խոստացած 15 միլիոն դոլարը հավասար է Բելգիայի հանձնառությանը, մինչդեռ հարևան Վրաստանը զրո հանձնառություն է վերցրել: Ռուսաստանը ևս զրո հանձնառություն ունի։ Ադրբեջանը խոստացել է 20 միլիոն դոլար, Հունաստանը՝ 60 000 դոլար, Ուկրաինան՝ 50 000 դոլար, Չինաստանը՝ 18 միլիոն դոլար։
ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ ֆոնդը (կամ` Գլոբալ ֆոնդը) միջազգային ֆինանսական և գործընկերային կազմակերպություն է, որի նպատակն է նշված հիվանդությունների դեմ պայքարի համար ներգրավել և ներդնել լրացուցիչ միջոցներ՝ աջակցելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին։ Միջազգային այս կազմակերպությունը գործունեությունն սկսել է 2002թ․։ «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը ֆոնդի առաջին մասնավոր դոնորն է։
Համաշխարհային հիմնադրամի (The Global Fund) աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2018-ին ստացվել է 1.64 մլրդ դրամ: Եվս 800 միլիոն դրամ Համաշխարհային հիմնադրամը տրամադրել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի» իրակացման համար: Եվ սա մի դեպքում, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է տալիս ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Այսինքն` պետությունը, որն ապրում է վարկով, ինքն է դոնոր դառնում` բավական կլորիկ գումար վճարելով հիմնադրամին, սակայն գտնում է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, որին և ծառայում է այդ հիմնադրամը, մեզ նույնիսկ մեկ առանձին կենտրոն պետք չէ:
Ինչպես նշեցինք, «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը ֆոնդի առաջին մասնավոր դոնորն է, իսկ Արսեն Թորոսյանը հանդիսանում է «Gavi» ալյանսի խորհրդի անդամ։ «Gavi» ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը նույնպես «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից: «Gavi»-ի պաշտոնական կայքում գրված է, որ կազմակերպության գլխավոր նպատակը պատվաստումների միջոցով ԱՂՔԱՏ երկրներում մարդկանց դիմադրողականության բարձրացումն է: «Gavi» ալյանսը պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով աջակցում է աղքատ երկրներին։ Ցանկացած երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող եկամուտը ավելի քիչ է, քան կազմակերպության սահմանած չափանիշը, կարող է դիմել աջակցության համար։ Սակայն, պատվաստումների հետ կապված կասկածներ ի հայտ եկան Արսեն Թորոսյանի` 2019 թվականի հունվարի 28-ի՝ «մեր նման երկրները պետք է մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…» հայտարարությունից հետո։ Արդյո՞ք նախարարի հրամանով հասարակությունն առանց տեղեկացված լինելու չի մասնակցում չապացուցված արդյունավետությամբ և անվտանգությամբ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլին։ Կամ ինչու՞ է մեր հասարակությանը պարտադրվում «Գարդասիլ-4», այն դեպքում, երբ առկա է նոր «Գարդասիլ-9» պատվաստանյութ, ինչու՞ է նախարարի հրամանը ամիսներ շարունակ գաղտնի պահվում, ինչու՞ է հրամանում նշվում այնպիսի տարիքային ցենզ, ինչը հակացուցված է «Գարդասիլ-4»-ի համար: Սրանք հարցեր են, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել:
Այս երկու հիմնադրամներին, ինչպես տեսնում ենք, կապում են նույն դոնորները: Սակայն, սա դեռ ամենաուշագրավը չէ: Բանն այն է, որ «Global Fund»-ի խորհրդի կազմում է Հեյդար Ալիևի հիմնադրամի տնօրենը՝ Սոլթան Մամադովը: Իսկ հիմնադրամը, ինչպես հասկացանք, ֆինանսավորում է նաև քաղաքացիական հասարակության սեկտորը: Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում ստացված գումարները հոսում են պետական սեկտոր և ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից, իսկ ահա Հայաստանում այդ ներդրումները գալիս են մասնավոր հատված: Հետևաբար կարող ենք ասել՝ առկա է շատ մեծ ռիսկ, որ այդ գումարները կարող են լինել ադրբեջանական ծագման՝ հաշվի առնելով հիմնադրամի կազմը, և կարող են սպասարկել ադրբեջանական օրակարգեր: Ի դեպ, հավանական է, որ «Global Fund»-ից ստացված օժանդակության թիվ մեկ շահառուներից լինի նաև հենց նախարարի` «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն, որի գործունեության հիմնական ուղղությունը հենց ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության տրամադրումն է: