Սեպտեմբերի 23-ին, ժամը 15։30-ին Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի ընթացքում կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է ինչպես ինքնաառաջադրվել, այնպես էլ առաջադրել այլ թեկնածուի:
Նշենք, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ն ընտրեց ՍԴ 3 դատավորների, որով համալրվեց ՍԴ 9 հոգանոց կազմը: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ կազմը 10-օրյա ժամկետում պետք է ընտրի նախագահ և փոխնախագահ: ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որի արդյունքում Հրայր Թովմասյանը լքեց այդ պաշտոնը՝ դառնալով ՍԴ անդամ, իսկ ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դատարանի ամենատարիքով դատավոր Աշոտ Խաչատրյանը: