Շախմատի աշխարհի 13-րդ առաջնության չեմպիոն Գարի Կասպարովը, ով ծնունդով Բաքվից է, անդրադարձել է Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին։

Ըստ Կասպարովի՝ միանգամայն ակնհայտ է, որ «այս ողբերգության ելակետը Սումգայիթյան ջարդն է»։

«Առանցքային է փաստը, թե ով է առաջինը յուրաքանչյուր ճիշտ, սխալ, օրինական, անօրինական պահանջի պատասխանել արյունահեղությամբ։ Սումգայիթյան ջարդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո կոտորածներ եղան Կիրովաբադում՝ այսօրվա Գյանջայում, ապա Բաքվում։ Եվ դա ստեղծեց համատեղ կյանքի անհնարինություն։ Որովհետև, ինչպես ես ասացի, 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը չի ճանաչվել։ Եվ քանի դեռ ցեղասպանությունը Թուրքիան չի ճանաչել, խոսել այդ երկրի որևէ պոզիտիվ դերակատարության կամ Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մասին, իմ կարծիքով , չի ստացվի։ Մենք այսպիսի փակուղում ենք», - նշել է նա։

Կասպարովը նաև պատմական ակնարկով հիշեցրել է, որ Արցախում 19-րդ դարում էլ են հայեր ապրել, իսկ իրադարձություններն այնպես են դասավորվել, որ Լենինը, ով Թուրքիային դիտարկում էր տարածաշրջանում հեղափոխության լոկոմոտիվ, երկու տարածք՝ Նախիջևանը՝ հայ և ադրբեջանցի բնակիչներով, և Ղարաբաղը՝ բացառապես հայերով բնակեցված, տվել է Ադրբեջանին։ Ըստ շախմատիստի՝ արդյունքում ականապատ դաշտ է ստեղծվել։

 

Նա ակնարկել է իր անձնական «փորձի» մասին՝ ապրելով Բաքվում։