Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հոտ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը:

«Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, սակայն մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացվեն: