Հայաստանը Արցախի խնդրի, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ տարբեր տիպի արձագանքներ է ստանում, շատ տեղեր կան, որ բավարարված չէ արձագանքներով:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային կառույցների արձագանքը բավարարո՞ւմ է իրենց;

«Տարբեր տիպի արձագանքներ կան: Շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք»,- ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց, որ չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում՝ ճանաչված, թե չճանաչված պետությունում:

«Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Ցավալի է ամեն օրը, որովհետև կյանքեր ենք կորցնում: Բայց մյուս կողմից՝ պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց՝ ցավալի է, բայց պատերազմի մեջ ենք, իսկ Թուրքիայի բացահայտ երևալը խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը: «Այդ տեսակետից մենք պետք է չնայենք աջ-ձախ, այլ շատ վճռական մեր մարտը շահենք, որից հետո կտեսնենք, թե ինչպիսի հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները»,- ասաց Քոչարյանն ու հավելեց, որ հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան երբ այդ հաղթանակը դեռ ֆիքսված չէ: