Վստահո՞ւմ է արդյոք քաղաքացին դատախազական մարմնին, ի՞նչ խնդիրներ կան համակարգում, և ի՞նչ նոր մեթոդներով է աշխատելու ՇՄ նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն այն մարզում, որը հատկապես ընտրությունների ժամանակ է աչքի ընկնում, և սովորաբար հետընտրական շրջանում պաշտոնանկություններ են տեղի ունենում: Այս հարցերի շուրջ մեր լրագրողը զրուցել է ՇՄ նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարոն Շահբազյան, Ձեր կարծիքով այսօր ազգաբնակչությունը որքանո՞վ է վստահում այս համակարգին, և ի՞նչ է հարկավոր անել հասարակության վստահությունը շահելու համար:
-Դեռևս շատ կարճ ժամանակ է, որ մարզի դատախազը կարողանա որևէ գնահատական տալ, նշանակվել եմ դատախազ մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, դեռևս նոր ծանոթացման փուլում եմ գտնվում, ծանոթանում եմ և՛ իրավիճակին, և՛ քրեական գործերին, իսկ ինչ մնում է էն հարցերին, թե ինչ վստահություն ունի ազգաբնակչությունը դատախազի և իրավապահ մարմինների նկատմամբ, կպատասխանեմ, որ ոչ միայն Շիրակի մարզում, ոչ միայն Գյումրիում, այլև բոլոր տարածքներում նույնպես այդ հարցը ունի բարելավման և վստահությունը առավել բարձրացնելու խնդիր:
-Դուք Ձեր աշխատանքով փորձելու՞ եք տարբերվել մյուսներից, ինչպե՞ս եք աշխատելու, նոր տեխնոլոգիաներ, նոր գործելաոճ կլինի՞:
-Իմ աշխատանքը լինելու է թափանցիկ, հրապարակային հատկապես լրատվության միջոցների հետ, և ինչպես Դուք, այնպես էլ ազգաբնակչությունը, էդ մասին կտեղեկանաք, երբեք ես իմ աշխատանքը չեմ գնահատում:
- Շիրակը դժվար կառավարելի մարզի համբավ ունի: Ոմանք նաև կրիմինալ մարզ են որակում: Հայտնի է նաև, որ շատերը խուսափում են այստեղ գործուղվել:
-Էս պահին ուսումնասիրել եմ անցած տարիների թվային տվյալները և ես չեմ գտնում, որ Շիրակի մարզը ամենակրիմինալ մարզն է: Ես կատարել եմ ՀՀ գլխավոր դատախազի հրամանը, նշանակվել եմ Շիրակի մարզի դատախազ և եկել եմ իմ պարտականությունները կատարելու:
-Ընտրություններից հետո Շիրակում իրավապահ համակարգում եղան պաշտոնանկություններ, նաև նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես կարող եմ պատասխանել միայն այն հարցերին, որոնք ընտրություններում կապված են եղել ընտրախախտումների հետ, իսկ մնացած քաղաքական ենթատեքստերով հարցերին չեմ պատասխանում:
Հերմինե Մկրտչյան
Լուսանկարը՝ Է. Արզումանյանի