«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առևանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտոնական Երևանը չի արձագանքում։ Ալիևը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։
«Կամ նրա մեջ կա պարտվողի բարդույթ և նա չի կարողանում անցնել դա և պատասխանել, կամ կա ինչ -որ պայմանավորվածություն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու և հանձնելու մեր հայրենիքը հակառակորդին»։
Թե ո՞րն է իրականությունը, պետք է պարզի արդար քննությունը և տրվի հստակ պատասխաններ։
«Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարավային հատվածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Քարվաճառ՝ Սյունիքի մարզը ամբողջությամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրվում է նահանջի հրաման և ադրբեջանական զինուժը տեղակայվում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նույնը Լաչինի մասին է խոսքը։ Այսինքն, պետություն, որ կզբաղվի անվտանգությամբ՝ չկա»։
Ըստ Վանեցյանի՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնվող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն և րոպե առաջ պետք է անվտանգային միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունն և ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցյանն ասաց՝ դա պետական հանցագործություն է։
«Սահման գծելու հստակ մեխանիզմներ կան և դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում և կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է»։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ-ում խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ և անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձևավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։
«Դե ֆակտո ես համարում եմ՝ Փաշինյանն այլևս չկա որպես վարչապետ և առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ և աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից և ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, գնահատականը, որն այսօր կա որոշ շրջանակներում, հիմնված է ֆեյսբուքյան տիրույթի ուսումնասիրությունների վրա, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բարձր որակի մանիպուլյատոր, կարողանում է իր կողմից ղեկավարվող մեծ ֆեյքային բանակներն ուղղորդել և մարդկանց մեջ ձևավորել մի իրավիճակ, որ ինքը դեռևս ունի հանրային ընկալում կամ աջակցություն։
«Փաշինյանը ունի հանրային ընկալում բացառապես ֆեյսբուքյան տիրույթում գործող ֆեյքերի շրջանում։ Նրա միակ հենարանը մնացել է այդ ֆաբրիկաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։