Երեկվանից իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ և հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա մեկ նպատակի համար՝ հանուն մեր մեծ հայրենիքի անվտանգության, մեր Արցախի Հանրապետության, մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, հանուն հայ ժողովրդի լինելիության և առհասարակ նրա համար, որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակաշրջանին, որը մեզ բերեցին այս իշխանությունները, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը նոր իրավիճակ է ստեղծել, այդ ելույթում հնչած մտքերն ու որակումներն անընդունելի են հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար։
«Ամենավտանգավորն այն է, որ այդ ելույթը լսել ենք ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը, թշնամի երկիրը և պատկերացնում ենք, թե ինչ հետևանքներ այդ ամենը կարող է ունենալ։ Այդ ելույթը շատ որակումներ է ստացել՝ Արցախի և Հայաստանի մահախոսականն է, 3-րդ հանրապետության վերջին ելույթն է ․․․ Կարող ենք այլ անվանումներ էլ տալ, բայց ժամանակ չկա, պետք է գործել անհապաղ և փորձել դուրս գալ այս իրավիճակից», - ասաց Արթուր Վանեցյանը։
Ազատության հրապարակում սկսված պայքարին, ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, արդեն իսկ մեծ թվով մարդիկ են միացել։
«Մարդիկ իրապես հասկանում են՝ ինչ վտանգ է իրենց սպառնում։ Բոլորը պատրաստ են պայքարի, պայքարի մինչև վերջ։ Գալիս ու ասում են՝ խոստացեք, որ գնալու եք մինչև վերջ։ Չենք հեռանալու, մինչև չազատվենք չարիքի այս իշխանությունից», - վստահեցրեց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ բոլորի միակ ակնկալիքն է՝ վերջ տալ ստեղծված քաոսին և երկիրը կագնեցնել նորմալ ուղու վրա։
Վանեցյանը նաև հայտարարեց' «Ես այս խորհրդարանում այլեւս չեմ պատկերացնում իմ աշխատանքը» ու հավելեց, որ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում՝ փողոցի ճնշման ներքո ու մանդատները պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար։