Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով' կարելի է գոհունակությամբ ընդգծել, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահի ստորագրած համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: Այս մասին Պուտինն ասաց Կրեմլում երեք երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:
«Ռուսաստանի համար թանկ են գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կապում են մեր երկրներն ու ժողովուրդները, այդ պատճառով մենք մարդկանց ճակատագրերի համար տագնապով և անկեղծ անհանգստությամբ էինք հետևում բռնկված ռազմական բախմանը: Լայնածավալ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ դրական ընդունեցիք ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին նրան, որ օգնեն դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կրակի հաստատուն դադարեցմանը: Մենք մշտական կապի մեջ էինք, միասին փնտրում էինք կոմպրոմիս, որի հետևանքով նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարություն, որը մենք միասին ստորագրեցինք: Այսօր կարող ենք գոհունակությամբ ընդգծել՝ եռակողմ համաձայնությունները հերթականությամբ իրականացվում են»,- ասաց Պուտինը:
ՌԴ նախագահը նշեց, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ:
«Հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար հայկական և ադրբեջանական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Հիմա տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է: Ռուսական կողմի միջնորդությամբ իրականացվել է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում»,- նշեց ՌԴ նախագահը: