Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շարունակում են հանրությանը համոզել տարածաշրջանում ենթակառուցվածքների բացումից ակնկալվող տնտեսական օգուտներով: Եվ եթե Հայաստանցիների համար այդ օգուտները, մեղմ ասած, հիպոթետիկ են և զուրկ որևէ հիմնավորումից, ապա անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ակնկալվող օգուտները շատ ավելի առարկայական և շոշափելի կլինեն:
Բանն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պահել իշխանությունը՝ նրան անհրաժեշտ է փող, այն էլ՝ շատ փող: Իսկ որտեղից՞ Փաշինյանը պետք է գտնի այդ գումարները մի պարագայում, երբ երկրում տնտեսական հեղափոխություն այդպես էլ չեղավ, ներդրումային խոստացված բումը գրվեց սառույցին, իսկ կապիտալը Հայաստանից շարունակում է տարերայնորեն փախչել: Պարզից էլ պարզ է, որ այս հարցում Փաշինյանին օգնության կարող է հասնել միայն թուրք-ադրբեջանական կապիտալը, որի ներհոսքը Հայաստան ենթակառուցվածքների ապաշրջափակումից հետո կարող է տարերային լինել:
Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն, ոչ էլ առավել ևս Ռուսաստանը չեն շտապում Հայաստանի տնտեսության մեջ զգալի ներարկումներ անել և տարակուսելի կլիներ, եթե լիներ հակառակը: Հետևաբար, Փաշինյանի գլխավոր ֆինանսական կապիտալը լինելու է թուրք-ադրբեջանականը և Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում, որ հարևան ոչ բարեկամական երկրների կողմից կարող է տնտեսական էքսպանսիա տեղի ունենալ, իսկ Երևանը իր հերթին կարող է պարզապես արժանանալ Բաթումիի ճակատագրին: Փաշինյանին շարունակում է հետաքրքրել ընդամենը մեկ խնդիր՝ ինչպես երկարաձգել սեփական իշխանությունը...