ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Սպահան կատարած այցի շրջանակներում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան: