Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր որոշել էր տարբերվել կոլեգաներից և բողոքել էր ինքն իրենից: «Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Մենք պետք է փորձենք զսպել գնաճը։ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այն վնասում է տնտեսության մեր համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։
Մենք կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում նաև ակնկալում ենք, որ կենտրոնական բանկը չի թողնի, որ տնտեսության շատ կարևոր ճյուղերը վտանգվեն։ Մենք անընդհատ կոնսուլտացիայի մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ երկրներին է վերաբերում, բայց նաև Ուկրաինային, որպեսզի մենք սպառողներին ապահովենք նորմալ գներով ապրանքներով»,-ասել էր նա:
Քերոբյանի խոսքով' արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարիների համեմատ ամենացածր կետում է, և դա կառավարութանը և արտահանողներին անհանգստացնում է:
Էկոնոմիկայի նախարարն այնպես է բողոքում գնաճից, ասես դրանում հպարտ քաղաքացիներն են մեղավոր և մի բան էլ իր չարչարանքները ջուրն են թափում: Եթե Քերոբյանը հնարավորություն ունենար, թերևս նախկիններին էլ կմեղադրեր գնաճի մեջ, սակայն, զարմանալիորեն ձեռնպահ է մնացել նման քայլից: Հիշեցնենք, որ գնաճի դեմ պայքարելը հենց Քերոբյանի բուն աշխատանքն է, որը, ինչպես տեսնում ենք, նախարարը տապալել է: Եվ այսօր էլ զարմանք է հայտնում, որ այդ գնաճը առկա է, մի բան էլ փորձում է սլաքները ուղղել ԿԲ-ի կողմը: Իրականում՝ մեղավոր են բոլորը, ինչպես ասվում էր հայտնի սքետչում՝ երկուսդ էլ ճիշտ եք...: