Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությանը:
«Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում:
Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի ալիքում: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան: