«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է եւ հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։
Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։
Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաեւ ինքը։ Մենք կապվեցինք Վահան Քերոբյանի հետ, ով ուշադիր լսեց հարցը, դադար տվեց ու պատասխանեց, որ մեր հարցերին չի պատասխանում։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որեւէ պատճառ չնշեց»: