Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հրաժարական է տվել։ Այս մասին Բարսեղյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը՝ ստորև.
«Հարգելի հայրենակիցներ։
Թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։
Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։
Երախտապարտ եմ…
…Հազարավոր մկրատված կյանքեր, վիրավորներ, խավարված օջախներ, որդեկորույս մայրեր, սեւազգեստ այրիներ, գլխիկոր երեխաներ…
Կորսված մի ողջ սերունդ…
Ինչպիսի՜ սերունդ…
Ներող եղեք, տղերք…
Խոնարհումս հերոս նահատակներին։
Պատերազմի վեցերորդ օրը ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ պաշտպանական բնագծերի կառուցմանը։ Շրջանի աշխարհազորը, կամավորականը մասնակցեց մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։ Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Անվճար հաց՝ առաջնագիծ մեկնողներին, բնակչությանը…
Տեղահանվածների կարիքների հոգածութունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։
Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ։
Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ…. Իսկական ընկերներ…
Աշխատանքում եղել եմ ազնիվ, անկողմնակալ, անշահախնդիր։ Մաքուր եմ ներքին դատավորիս՝ խղճիս հանդեպ։
…Իսկ լավագույն գնահատողը ժողովուրդն է, շարքային քաղաքացին…
Հաջողություն, բեղմնավոր աշխատանք հաջորդող ղեկավարին։
Հ.Գ. Պետական մտածելակերպը վերադասենք անձնականից։ Լինենք միասնական, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
Ազգի պառակտումը, բզկտումը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ներկայիս օրհասական պահին՝ կործանարար, անդունդ տանող ճանապարհ է…
Կրկնում եմ, թողնենք անձնականը, միաբանվե՛նք։ Այլընտրանքը կործանումն է, պետականության կորուստը, գաղթի ճամփան…
Ազգովի նվիրվենք պետականաշինությանը, զինված ուժերի շուտափույթ վերականգնմանն ու արդիականացմանը, ժամանակակից բնագծերի, ամրաշինությունների ստեղծմանը։
Ասֆալտապատումներն ու տանիքներ փոխելը կսպասեն, սարսափելի ոչինչ չկա։
Իրավիճակի սրման դեպքում, ինչպես միշտ, կլինեմ մարտական ընկերներիս կողքին, խրամատներում։ Քանի միս ու արյուն եմ՝ զինվոր եմ։ Չկասկածե՛ք։
Թշնամուն շա՜տ ասելիքներ ունենք…
Պատերազմը տակավին չի՛ ավարտվել:
Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք։
Լավ մնացեք։
Աստված բոլորիս պահապան…»։