Անվտանգության խնդիր հիմա կա ոչ միայն Սյունիքում, այլև ՀՀ ցանկացած անկյունում, անգամ Երևանում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ խնդիրները ներկայիս իշխանությունները դեռևս չեն կարողանում լուծել:
«Սոցիալական ծրագրեր որքան ուզում է՝ անենք, բոլոր խնդիրները ածանցյալ են անվտանգության խնդրին: Եթե ՀՀ-ում անվտանգության խնդիրը չի լուծվել, ոչ մի բարեփոխում՝ տներ կառուցել, դրամական օգնություն ցուցաբերել, փոխհատուցում տրամադրել, տեղին չէ: Կարող ենք ժամանակավոր օգնել, բայց կառավարությունը օր առաջ պետք է լուծի անվտանգության խնդիրը, եթե, իհարկե կարողանա»,- նշեց պատգամավորը:
Օրերս Խնձորեսկում ադրբեջանցիները հովվի հոտից 173 գլուխ ոչխար էին տարել, այնուհետև բանակցություններից հետո վերադարձրել էին: Պատգամավորը շեշտում է, որ այս պատմությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իշխանությունն այդ ուղղությամբ ոչինչ չի արել:
«Գյուղատնտեսական խնդիրների մասին խոսել եմ դեռ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը, այսինքն՝ ես, լինելով սյունեցի, տեսել եմ այդ խնդիրները և շատ լավ պատկերացրել եմ, թե ինչ է լինելու հետո: Հիմա էլ գյուղացիները կորցրել են իրենց խոտհարքերը, դաշտավարության հետ կապված խնդիրներ ևս կան»,- նկատում է Գրիգորյանն ու հավելում.՝ «Եթե այս ամենն այսպես մնա, չի բացառվում, որ հետագայում նույնպես գերեվարման դեպքեր ունենանք, որովհետև հովիվները սահմանները հստակ չգիտեն, ադրբեջանցիների դիրքերն էլ շատ են մոտեցել մեր համայնքներին»:
Պատգամավորը մտահոգված է՝ եթե խնդիրն այս պահին լուծվում է՝ չի բացառվում, որ հետագայում նույն խնդիրը չի առաջանա:
«Խնդիրը պետք է լուծել վերջնականապես, եթե այստեղից անցնող հովիվը սահմանին լավ ծանոթ չլինի, որովհետև մարդիկ իներցիայով տանելու են արոտավայրեր, և ինչ-որ խնդիր առաջանա, նրան պետք է զգուշացնեն, որ հետ գա, ոչ թե գերեվարեն: Անցած տարի Ներքին Խնձորեսկում ունեցանք նման դեպք, երբ Նախիջևանի հատվածում գերեվարվել էր 30-ամյա տղամարդը, հետևաբար, հնարավոր է՝ նորից լինեն նման դեպքեր և միանշանակ, չենք կարող բացառել»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը:
Արփինե Հակոբյան