Փետրվարի 16-ին դեպի Երևան նախատեսված ավիաչվերթները գրեթե ժամանակին իրականացվում են, միայն 2 չվերթի հետ կապված փոփոխություն կար, սակայն դրանք ևս 10 րոպե տարբերությամբ ժամանեցին: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Փետրվարի 16-ին չեղարկվել է միայն դեպի Մոսկվա չվերթը։ Կար մեկ ուշացում Շարժայից, բայց այն արդեն ժամանեց։ Փետրվարի 15-ին եղել են ուշացումներ։ Խոսքը 5 չվերթի մասին է՝ 2-ը՝ Մոսկվայից, մնացածը՝ Ուֆայից, Կազանից, Միներալնիյե Վոդիից: Չվերթները Ռուսաստանից Հայաստան նախատեսված ժամանակից ուշ են եկել , հետևաբար դեպի ՌԴ ուշ են մեկնել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե նույնիսկ թռիչքներն ուշացել են, միևնույն է, ժամային փոփոխությամբ դրանք իրականացվել են:
Թե ինչ պատճառով են առաջացել թռիչքները ժամանակին չկատարելու խնդիրները, «Զվարթնոց» օդանավակայանից դժվարացան ասել՝ նշելով, որ եթե ուշ են ժամանում Հայաստան, հետևաբար ուշ էլ մեկնում են։ Քաղավիացիայի կոմիտեից ևս չկարողացան պատճառներ մատնանշել։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, «Զվարթնոց» օդանավակայանից դեպի այլ երկրներ մի շարք չվերթներ էին չեղարկվել կամ հետաձգվել։