Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972 թ. ծնված բնակիչը, վարելով իր կողմից օգտագործվող «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան, մարտի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի մայթեզրին առկա մետաղյա էլեկտրասյանը, հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Վթարի հետևանքով ուղևորները՝ 1988 թ. ծնված Արթուր Հրաչիկի Մելքումյանը և 1989 թ. ծնված Մհեր Սլավիկի Ավանեսյանը, ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ 1984 թ. ծնված Ռազմիկ Մուրադի Բաղրյանը, և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: